Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 մայիսի 2015

Վենետիկի բիենալեն ցույց տվեց հայ արվեստի ներուժը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է Վենետիկի բիենալեում մայիսի 9-ին Հայաստանի գրանցած հերթական հաղթանակին: Միջոցառմանը մասնակցող 53 երկրից Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել է սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետ: Վարչապետի դիտարկմամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներին խմբելով մի գաղափարի շուրջ, կազմակերպիչները կարողացել են աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարող հայ արվեստն ինտեգրվել համաշխարհային մշակույթին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքը: «Շնորհավորում եմ բոլորիս՝ աննախադեպ այս հաղթանակի առթիվ, համոզված եմ, որ ապագայում մենք նորանոր հաղթանակների ականատեսը կդառնանք», - ասել է կառավարության ղեկավարը:

 

Կառավարությունը կշարունակի սուբսիդավորումը


Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում, գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորումն է: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի քննարկած ծրագրի՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը: Վարկը գյուղացուն էր հասնում 8 տոկոսով, ինչը մատչելի վարկային ռեսուրս է: Եվ քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, վարչապետը երեկ ուշ երեկոյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ: Որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկն ստանա 8 տոկոսով: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդը՝ մինչև տարեվերջ:
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, ՀՀ մարզպետներին և ՀՀ համայնքների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2014թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2014թ. իրականացրել և ամփոփել է 47 ստուգում և 1 ուսումնասիրություն: Արձանագրվել է, որ վերականգնման կամ վերաձևակերպման է ենթակա 1 մլրդ 331 մլն 100 հազար դրամի խախտման փաստ: Տեսչության աշխատանքի արդյունքում այդ գումարից վերականգնվել է ավելի քան 720 մլն 500 հազար դրամ և վերաձևակերպվել ավելի քան 20 մլն դրամ: Կառավարությունը պետական կառավարման մարմիններին հանձնարարել է ձեռնարկել թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ՝ դրանց մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը:


Մաքսային մարմիններն արդիականացված տեղեկություն կտրամադրեն


ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ պայմանագրի ընդունմամբ ՀՀ-ում կիրառվող արտադրանքի ԱՏԳ ԱԱ կոդերի, մաքսային ռեժիմների ընդունված մեծությունների հասկացությունների փոփոխմամբ: Որոշման նպատակը օրենսդրական դաշտի արդիականացումն է, մաքսային մարմինների կողմից տեղեկության տրամադրման գործընթացի խոչընդոտների վերացումը:
Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ երկրների «Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական վկայագրման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը նպատակաուղղված է փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչմանը միտված համագործակցությանը, արդյունքների փոխադարձ ճանաչման հիմնական պայմանների սահմանմանը, «ГОСТ» հապավումը կրող ստանդարտների պահպանմանը:
Նիստում համաձայնություն է տրվել ԵԱՏՄ անդամ պետությունների «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համար:


Ստեղծվում է հայ-ռուսական համալսարան


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար: Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի սերտացմանը: Շրջանավարտներն ստանալու են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ:
Գործադիրը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Կբարձրանա ներդրումային գրավչությունը


Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի նպատակն է տնտեսվարող սուբյեկտների կատարած ներդրումների համար ապահովել կանխատեսելիություն, բարձրացնել ներդրումային գրավչությունը: Որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ եթե ներդրման գումարը 150 մլն-ից մինչև 1 մլրդ դրամ է, ապա հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, 1-5 մլրդ դրամի դեպքում՝ մինչև 2045թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 5 մլրդ դրամից ավելիի դեպքում՝ մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը:
ՀՀ կառավարությունը հաստատել է քսուքային նյութերի, յուղերի, հատուկ հեղուկների անհետաձգելի ընդունման տեխնիկական կանոնակարգը: Այժմ ՀՀ տարածքում գործող օրենսդրության համաձայն ՀՀ տարածք են ներմուծվում այդպիսի ցածրորակ նյութեր, որոնց օգտագործումը խնդիրներ է հարուցել երկրի տնտեսության վարման մեջ՝ առաջացնելով ազգային անվտանգության, բնական և էներգետիկ պաշարների պահպանության խոչընդոտներ: Որոշումը միտված է դրանց վերացմանը:
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում՝ ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկ ներառելով համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:


Կբարելավվի գործարար միջավայրը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ապրանքային նշանների գրանցման գործընթացների պարզեցմանն ու հարկատուների ծախսի կրճատմանը: Նախագիծը մշակել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Նիստում հավանություն է ստացել «Թափոնների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման թափոնների գործածության, վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:
Հավանության է արժանացել «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ առաջացած հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, «Ավիացիայի մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելգիայի թագավորության կառավարությունների միջև դիվանագիտական և հյուպատոսական մարմինների դիվանագիտական կարգավիճակ ունեցող աշխատակիցների ամուսինների վարձատրվող աշխատանքի համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ քաղաքացիներից ստացված գանգատներով 2014թ. նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 160 հազար եվրոյին համարժեք դրամ:
Կառավարության որոշմամբ Արտակ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ