Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 ապրիլի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ



Հարգարժա՛ն հյուրեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեծ պատիվ է այս երեկոն ձեզ հետ միասին անցկացնելը։
Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։
Եղեռնագործները վստահ էին, թե դարավոր բնօրրանից արմատախիլ, զանգվածային ջարդերի ու անապատի ամենակուլ ավազներում անմարդկային տառապանքի խաչին գամված հայի տեսակը պիտի վերանա։ Սակայն պարզվեց, որ հոգու հավերժության, փրկության ու հարության խորհուրդն առաջինը պետականորեն ճանաչած ժողովրդին բնաջնջելու ունակ զորություն, գոնե այս՝ երկրային կյանքում գոյություն չունի։
Այս օրերին մենք ոգեկոչում ենք մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։
Ես երկար պատմություն չեմ պատմելու. այդ պատմությունը պատմում է ամեն մի հայ ընտանիք, որ ապրում է Հայաստանում կամ Թուրքիայում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում կամ Ավստրալիայում: Որովհետև դա մե՛ր ընտանիքների պատմությունն է: Թուրքական պետությունը ոչնչացրել է իր հպատակներին, որոնք 1-ին աշխարհամարտում կռվող կողմ չէին, նրանք խաղաղ, քաղաքացիական բնակչություն էին և սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:
Հարգելի՛ ներկաներ
Մեզ հաճախ հարցնում են, թե հայերն ինչու են այդքան խոսում ցեղասպանության մասին և նույնիսկ զարմանում են, որ 21-րդ դարում դա կարող է լինել օրակարգային հարց: Բայց մենք բոլորս անցյալ տարի վկան եղանք եզդիների կոտորածների: Մարդկանց սպանում էին իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Եվ եզդի փախստականները քայլեցին նույն դժոխային ճանապարհներով, ինչ հայերը: Մենք բոլորս ստիպված ենք խոստովանել, որ իբրև միջազգային հանրություն, չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի և ցինիզմ՝ մեկնաբանությունների մեջ:
Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստեղ է խնդրի արդիականությունը:
Հարգելի՛ հյուրեր,
Թուրք ազգայնամոլները հույս ունեին, որ հայերի ցեղասպանությամբ հայ ժողովրդի հարցերը իրենք լուծել էին և լուծել էին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում: Նրանցից ոմանք նույնիսկ համոզված էին, որ հայ ժողովրդի ապագայի դուռը մեկընդմիշտ փակված է: Եվ փակողը իրենք էին:
Մենք այսօր ասում ենք հետևյալը՝ հայերն իրենց հայրենիքում պետականորեն և մշակութապես ապրել, արարել ու պայքարել են հազարամյակներ շարունակ: Մեր ճամփան հավերժի ճամփա է, և մենք չենք պատրաստվում թևաթափ լինել: Ավելին՝ նույնիսկ ֆիզիկական բնաջնջումը և արտաքսումը սեփական հայրենիքից, բռնի իսլամացումը և բռնի թրքացումը մեզ չեն հուսահատեցրել: Երիտթուրքերի զինանոցի այդ գործիքները նույնպես ի զորու չէին մի ողջ քաղաքակիրթ ազգ վերացնելու: Միայն Հրանտ Դինքի սպանության փաստը բավական է տեսնելու, որ այդ զինանոցի գործիքներից դեռ այսօր էլ մնացել են: Կրկնում եմ, մենք ոչ միայն չենք թուլացել ոգով, այլև ամրացել ենք: Մենք վերապրել ենք ու վերածնվել, մենք պետականորեն վերադարձել ենք ազգերի համաշխարհային ընտանիք: Այո՛, ծանր հարված ենք ստացել, ունենք դառը փորձ: Դարձել ենք ավելի զգույշ և շրջահայաց: Բայց այդ փորձը մեզ օգնում է և չի խանգարում լինել խիզախ այնտեղ, որտեղ պետք է լինել խիզախ:
Հարգելի՛ ներկաներ,
Մենք ցավով ենք արձանագրում, որ ժամանակակից Թուրքիայում հայ բառը շարունակում է կիրառվել որպես վիրավորանք և հայհոյանք: Այս հարցում նրա հետ մրցակցության մեջ է միայն մեկ պետություն: Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայերը զանգվածաբար կրում են ոչ հայկական ազգանուններ: Պատճառը մեկն է և շատ պարզ: Վախը: Ես խոսում եմ ոչ թե 1915, այլ 2015 թվականի Թուրքիայի մասին: Նույնիսկ այսօր մարդիկ վախենում են վերականգնել իրենց հայկական անունները ու ազգանունները: Սա մեզ համար չափանիշ է:
Միևնույն ժամանակ մենք խոստովանում ենք, որ Թուրքիայում կա լուրջ տեղաշարժ: Այսօր այնտեղ տպագրվում են գրքեր և հոդվածներ հայերի ցեղասպանության և հարակից հարցերի վերաբերյալ: Ընդամենը տաս տարի առաջ նման հրապարակումները պարզապես անհնար էին: Սա թեև փոքր, բայց առաջընթաց է: Այդ երկրի ոչ թուրք քաղաքացիներն ավելի բաց ու համարձակ են սկսել խոսել իրենց էթնիկ պատկանելության և իրավունքների մասին: Թուրքիայի մտավորականության ավելի ու ավելի լայն շերտեր են ի հայտ գալիս, որոնք պահանջում են առերեսվել սեփական պատմության՝ այդ թվում և նրա սև էջերի հետ: Մեր ուղերձը Թուրքիայի հասարակությանը հստակ է. մենք ակնկալում ենք արժանապատվություն սեփական քաղաքացիների և պատմության հետ հարաբերություններում:
Հարգելի՛ գործընկերներ,
Շատերին է հայտնի Հիտլերի խոսքը, որով նա ոգևորում էր իր զինվորականներին: Նա տալիս էր անպատժելիության երաշխիք՝ ասելով. «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածները»:
Այսօր մենք ասում ենք, որ մե՛նք ենք հիշում: Մե՛նք և միլիոնավոր մարդիկ աշխարհում:
Մենք անուն առ անուն հիշում ենք այն թուրք և քուրդ հարևաններին, որոնք իրենց կյանքը վտագի ենթարկելով հայ երեխաներ են թաքցրել և փրկել:
Մենք հիշում ենք այն արաբ բեդվիններին, ովքեր անապատում հայերի մահվան քարավանների միջից հայ երեխաներ էին թաքցնում ու փրկում: Բոլոր բարի մարդկանց անհնար է այստեղ թվարկել, բայց մենք նրանց հիշում ենք անուն առ անուն:
Մենք հիշում ենք նաև հայ ժողովրդի դահիճներին: Հայոց ցեղասպանության բոլոր գլխավոր դահիճներին հայ ժողովրդի զավակները չմոռացան ու երբեք չեն մոռանա: Այն դահիճներին, ովքեր հետագայում ստացան հենց թուրքական դատարանի դատավճիռը:
Մենք ոչ մի բարի գործ և չար գործ չենք մոռացել:
Մենք հիշում ենք և պահանջում:
Սիրելի՛ հյուրեր,
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր մեզ հետ եք: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք գլոբալ համաժողովի շրջանակներում և հետաքրքիր շփումներ Հայաստանում: Բարո՛վ եք եկել:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ