Հազարամյակի մարտահրավերներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է հազարամյակի մարտահրավերներին դիմագրավելու նպատակով աջակցության կարիք ունեցող երկրներին հատուկ ֆինանսական օժանդակության հիմնադրամ ստեղծելու մասին:

Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի տնօրենների խորհուրդը շահառու հանդիսացող թվով 64 երկրների շարքից ընտրել է 16 երկրներ: Դրանք են` Հայաստանը, Բենինը, Բոլիվիան, Քեյփ Վերդեն, Վրաստանը, Գանան, Հոնդուրասը, Լեսոտոն, Մադագասկարը, Մալին, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Սենեգալը, Շրի Լանկան և Վանուատուն:

Երկրների ընտրությունը կատարվել է` ելնելով արդարության, ժողովրդավարական կառավարման, ազատականացված տնտեսության սկզբունքներին հարազատ մնալու և տվյալ ժողովրդի բարեկեցության ապահովման համար գործադրվող հնարավոր բոլոր ջանքերի ուսումնասիրության արդյունքում: Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի տնօրենների խորհուրդը օգտվել է 16 ցուցանիշներից (որակական և քանակական) բաղկացած տեղեկատվությունից և վերջիններիս հիման վրա գնահատել է կայուն տնտեսական աճի խթանման համար տվյալ երկրում ձևավորված տնտեսական և քաղաքական պայմանները:

Իրականացված գնահատման արդյունքում Հայաստանը դրական գնահատականներ է ստացել երկրում իրականացվող արդարացի կառավարման, տնտեսական ազատությունների խրախուսման և մարդկային կապիտալի ներդրումների ոլորտում իրականացվող քաղաքականությունների համար:

Ընտրված երկրներին Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի տնօրենների խորհրդի կողմից առաջարկություն է ներկայացվել նախապատրաստել ծրագրային առաջարկությունների փաթեթ Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի շրջանակներում ֆինանսավորելու նպատակով: Խորհրդի կողմից սահմանվել են նաև այն հիմնական պահանջները, որոնք կարևորվելու են ֆինանսական աջակցության նպատակով ծրագրերի ընտրության հարցում: Դրանք են՝ (ա) տնտեսական աճի վրա ազդեցությունը, (բ) առաջարկվող ծրագրերի վերաբերյալ մասնակցային քննարկումների և համաձայնությունների առկայությունը և (գ) կարևոր համարվող քաղաքականությունների ոլորտներում բարեփոխումները շարունակելու կառավարության հաստատակամությունը և դրանց արդյունքում արձանագրվող առաջընթացը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր կողմից կարևորելով նախատեսվող ծրագրերը հատկապես տնտեսական աճի և աղքատության հաղթահարման նպատակներին առավելագույնս ծառայեցնելու անհրաժեշտությունը, նախաձեռնում է քննարկումների շարք, որի ընթացքում որոշումներ կնախապատրաստվեն իրականացվելիք ծրագրերի ուղղությունների վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ կառավարությունը գտնում է, որ ծրագրերը պետք է բխեն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի գերակայություններից և որպես նշանակետ ունենան հատկապես տնտեսական աճի և մարդկային կապիտալում ներդրումների շնորհիվ բնակչության բարեկեցության բարձրացումը:

 

Get Adobe Reader now!
Կայքը պարունակում է PDF ֆորմատի փաստաթղթեր: Դրանք կարդալու համար տեղադրեք Adobe Reader: